Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես այնքան լուրջ մոտեցում ունեմ, որ իմ ֆրանսերենով հայ գրականություն չեմ մատուցի ֆրանսախոս ընթերցողին»

«Ես այնքան լուրջ մոտեցում ունեմ, որ իմ ֆրանսերենով  հայ գրականություն չեմ մատուցի ֆրանսախոս ընթերցողին»
16.10.2015 | 10:48

Առաջին հայ օդագնացը, ով 20-րդ դարի սկզբներին դարձավ պրոֆեսիոնալ օդաչու, եղել է Ալեքսանդր Թոփչյանը։ Իհարկե, ոչ մեզ հայտնի գրաքննադատ, հրապարակախոս, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ, բազմագիտակ և բարեկիրթ Ալեքսանդր Թոփչյանը, սակայն մեկ հարյուրամյակ կամրջող երկու Ալեքսանդր Թոփչյանների միջև համեմատության եզր կա. մերօրյա Թոփչյանն էլ գրականության երկնակամարի վերին բարձրություններն ու լայնություններն է չափում` վստահ և խորագիտակ կերպով, իր ճախրի տերն է, և միաժամանակ ազգի գրականության համար հպարտ թռիչքներ է գրանցում` վերը թվարկածս ժանրերը հարստացնելով։

Օրերս «Նարեկացի» մշակութային միությունում հանդիպում էր այս անգամ թարգմանիչ Ա. Թոփչյանի հետ. «Թարգմանչաց ուղիներ» խորագրով, թեպետ պարոն Թոփչյանը չսահմանափակեց թարգմանական խնդիրները չոր կաղապարների մեջ, այլ հընթացս անդրադարձավ և՛ լեզվական, և՛ մշակութային հարցերին։ Չնայած ընդունված է հայ թարգմանական գրականության սկիզբը համարել «Աստվածաշնչի» թարգմանությունը, որը կատարելություն որակելով, Ալեքսանդր Թոփչյանն այն ենթադրությունը հայտնեց, որ մինչ Մաշտոցը, մինչ «Աստվածաշնչի» թարգմանությունը մենք պետք է որ թարգմանական մշակույթ ունեցած լինեինք, այլապես առանց նման փորձի, միանգամից նման կատարյալ թարգմանություն անհնար էր անել։ «Ազգի վրա թարգմանությունը մեծ նշանակություն ունի. բացի լեզվականից այն ազդում է նաև կրոնական և պետական մշակույթի վրա, ձևավորել է պետական գիտակցություն։ Սա հատկապես կարևոր է փոքր ազգերի պարագայում, այս իմաստով ֆրանսիացիք այնքան էլ վճռական դեր չեն տալիս թարգմանությանը, բայց մեզ համար այն առավել քան կարևոր նշանակություն ունի։
Անդրադառնալով 1974 թ. «Գարունում» տպված իր հոդվածին և զուգահեռներ անցկացնելով այսօրվա իրավիճակի հետ, ընդգծեց. «Ես այսօր նկատում եմ անբնական, անոմալ, հակասող մի երևույթ` երբեք այսքան թարգմանություններ չենք արել. եթե խորհրդային տարիներին, բացի ռուսերենից, թարգմանում էինք 5-6 լեզուներից` ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, անգլերեն, ուշ շրջանում նաև լեհերենից և չեխերենից, այժմ թարգմանում ենք 15 լեզվից։ Փոխվել է լեզվական վիճակը, ընդարձակել ենք աշխարհագրությունը` նորվեգերեն, պորտուգալերեն, շվեդերեն, պարսկերեն, ճապոներեն նաև. այս իմաստով հսկայական առաջադիմություն կա, որը միտում ունի խորանալու և ընդլայնվելու։ Դրական երևույթ է նաև, որ հիմա մենք ուղիղ ճանապարհ ունենք դեպի Եվրոպա և այլևայլ լեզուների գրականություն, հետաքրքիր շփումների մի ամբողջ հարթություն է փռվում մեր առաջ, բայց այս ամենին զուգահեռ մեր թարգմանական ոլորտը գտնվում է աղքատ ազգականի, եթե չասեմ` մարգինալ վիճակում։ Համապատասխան գրգիռները չեմ տեսնում»։
Ազատության տեսակետից օրինակ բերեց սեփական փորձից, երբ ինքը Վահե Քաչա թարգմանեց 1971-ին, սակայն գիրքը տպագրվեց 1975-ին, այն պատճառաբանությամբ, որ այդ հեղինակը դեռ ռուսերեն չէր թարգմանվել. «Նախ` Մոսկվան, հետո` մյուսները» սկզբունքով։ Խոսելով խորհրդահայ թարգմանական դպրոցի մասին, նշեց 1965-ին լույս ընծայված «Թարգմանական պոեզիա» մատենաշարը` կազմված 6 հեղինակից, նաև. «Տաղանդը միշտ մեծ անտենա է. աշխարհով մեկ հավաքում է նորի շունչը։ Երբ ռուսերեն տպագրվեց Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպը, ռուսական արձակում ստեղծվեց նոր հոսանք` խոստովանական արձակը։ Սա ապացույց էր, որ թարգմանական մշակույթի մուտքը կարող է խթանել ազգային մշակույթը։ Իսկ առհասարակ, թարգմանության ֆենոմենը չի փոխվել, փոխվել է միայն տեխնիկան. առաջ` մագաղաթ, հետո` գիրք, հիմա` ինտերնետ։ Թարգմանությունը միշտ էլ եռաստիճան ֆենոմեն է ունեցել. առաջին` ճանաչողական (աշխարհն ենք ճանաչել), երկրորդ` լեզվաստեղծական, երրորդ` մշակութաստեղծման ֆենոմենը։ Օսկար ՈՒայլդի «Սալոմեն» Տերյանն անթերի թարգմանելով` տեքստի մի նոր վիճակ ներկայացրեց, այդ թարգմանությունը լեզվաստեղծում էր (ի դեպ, կարդացել և համեմատել եմ նաև ռուսերեն ու ֆրանսերեն տեքստերը, Տերյանի թարգմանությունը լիովին համարժեք է բնագրին)։ Կամ` շեքսպիրյան գործերի Հովհաննես Մասեհյանի թարգմանությունները. դարձյալ բնագրին համարժեք կարելի է համարել։ Մեր գրականության մեջ չկա նախորդած նման բան, և առանց մասեհյանական թարգմանությունների մենք չէինք ունենա մեր արևելահայ թատրոնը, իսկ կինոյում «Համլետի» «դուբլյաժն» առանձնացավ, որովհետև Մասեհյանի թարգմանությունը կար»։
Խոսելով թարգմանական խնդիրների մասին, Ա. Թոփչյանը շեշտեց կրկնվող հրատարակությունների թերությունը, օրինակ բերելով վերջերս աղմուկ հանած Աքրամ Այլիսլիի վեպը. «Այո, արժեր թարգմանել բարոյական նեցուկի համար, բայց 5-6 անգա՞մ. ամեն հրատարակչություն, կարելի է ասել, իր թարգմանությունն ունեցավ։ Կամ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»։ Մի կողմ թողնենք բովանդակությունը։ Մեկը թարգմանեց «Ստամբուլի բիճը», հետո մեկ ուրիշը` «Ստամբուլի ընկեցիկը», չհասկանալով, որ ամեն բիճ ընկեցիկ չէ, և ամեն ընկեցիկ բիճ չէ։ Հոմերոսը երկու անգամ թարգմանվեց և տպվեց 1 տարում, ի դեպ, մեկը` Համազասպ Համբարձումյանի հրաշալի թարգմանությամբ, բայց դա... Հոմերոսն էր։ Ես կարծում եմ, որ մշակույթի նախարարության կողմից պետականորեն մի մարմին պիտի ստեղծվի, որ ոչ թե հսկի, այլ գոնե համակարգի, իրար կապի թարգմանիչներին և նրանց աշխատանքը»։
Երկրորդ խնդիրն այս ոլորտում երկրորդ լեզվից թարգմանությունը համարվեց. «Մենք մշակութային նոքա՞ր ենք, տարրական ինքնասիրություն չունե՞նք։ Պողոս Մակինցյանը պոլիգլոտ էր, մի քանի լեզու գիտեր, բայց որպեսզի «Դոն Կիխոտը» բնագրով կարդա և թարգմանի` իսպաներեն սովորեց։ Թարգմանե՞լ եք ուզում` նրա նման նոր լեզու սովորեք, այլապես վերջերս տեսա, որ իսպանագիր Պաբլո Ներուդային հայերեն էին թարգմանել... անգլերենից։ Ամո՛թ է։ Թարգմանչի համար պարտադիր է թարգմանելիս համեմատել այլ լեզուներից եղած թարգմանությունների հետ, իհարկե, եթե գիտես այլ լեզուներ ևս։ Կա նաև խմբագրման խնդիրը. խմբագիրները ոչ միայն լեզուն պիտի իմանան, այլև ժամանակը, բարքերը, այլապես որքանո՞վ ես վստահ, որ թարգմանիչը ճիշտ է թարգմանել»։
Անթաքույց հեգնանքով և զավեշտալի, անհեթեթ օրինակներով խոսեց լեզվի և տառադարձման խնդիրների մասին, որոնց «աղավաղումները մամուլն ու հեռուստատեսությունը հեղեղելով, թափանցել են նաև գրականություն։ Անգլագիտությունը (բառախաղ է) ավերում է մեր լեզուն. բոլոր օտար տեղանուններն ու անձնանունները թարգմանում են միայն անգլերեն արտասանությամբ։ Աստուրիա-Ասթուրիա, Կամյու-Քամյու, Բրիժիդ-Բրիջիդ (ֆրանսերենում «ջ» չկա, ինչո՞ւ Բրիջիդ)։ Պատուհաս դարձած քոլեջին համարժեք 7-8 բառ ունենք, բրենդ, փիառ, կրեատիվ և այսպես կարելի է անվերջ շարունակել։ Այդ ք-թ-փ-ացումը ուղղակի աղետ է դարձել մեր լեզվի համար. բոլորը դարձել են «օքսֆորդավարտ» և աջ ու ձախ ավերում են հայոց լեզուն։ Դը Գոլը դարձնում են դը Հոլ, տեստն էնպես են արտասանում, որ... տհաճ հոտ է գալիս, հերթն արդեն հասել է... թրիքին. ասում են` «մի ֆուտբոլիստ հեթ-թրիք արեց» (մի խաղում երեք գոլ խփեց)։ Բացարձակ անտերություն է այս ոլորտում։ Թարգմանությունը որոգայթ է, շատ զգոն պիտի լինես, եթե նույնիսկ լեզուն լավ գիտես. լեզուն մշտական փոփոխվող երևույթ է»։
Մի քանի լեզվական, թարգմանական զավեշտների մեջ առանձնացրեց հեռուստատեսային մի սերիալի «Խերուվին» անվանումը։ Հավատարիմ իր մասնագիտական բարեխղճությանը` տանը եղած մեկ տասնյակից ավելի բառարան և հանրագիտարան է նայել (թեպետ գիտեր, որ քերովբե բառն է): «Գոնե հրեշտակ թարգմանեին։ Նման տգիտության հանդիպելով թևաթափ ես լինում»,- եզրափակեց իր խոսքը Ալեքսանդր Թոփչյանը։
Դահլիճն իր հարցերով աշխույժ երկխոսության վերածեց հանդիպման ավարտը։ «Եթե հեղինակային իրավունք լինի, կարո՞ղ է այս ոլորտում կարգավորում լինի»։ Սա, թերևս, այն հարցն էր, որին պատասխանելիս ակնհայտ էր թարգմանիչ Ա. Թոփչյանի ոչ միայն դառը հեգնանքը, այլև խոցված ինքնասիրությունը, որի մասին իր խոսքում նա մեծահոգաբար լռել էր, բայց հարցին պատասխանելիս չթաքցրեց. «Երեք գործ բեմադրվեց այստեղ` երկու պիես (Ժան-Պոլ Սարտր և Էրիկ Էմանուել Շմիդտ)` Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ, երրորդը` իմ. Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը»։ Աֆիշների վրա չնշվեց մեր անունը. դա դեռ ոչինչ, չբարեհաճեցին նույնիսկ մեր թույլտվությունը հարցնել։ Վահե Գոդել հրատարակեցին իմ թարգմանությամբ` չնշելով իմ անունը։ Ո՞ր մեկը թվարկեմ։ Հեղինակային իրավունքի հարցը այստեղ նախնադարյան վիճակում է։ Հայաստանում հեղինակային իրավունքը ոտնահարված է»։
«Արձակի մասին խոսեցիք, իսկ պոեզիայի մասին չխոսվեց, մի քանի խոսք էլ պարսկերենից արված թարգմանությունների մասին» հարցին պատասխանելիս Ա. Թոփչյանը կարևորեց և արժևորեց Էդուարդ Հախվերդյանի պարսկերենից կատարած թարգմանությունները, ամփոփելով. «Պոեզիա թարգմանելը դժվար է, պոեզիան միշտ տուժում է, թեկուզ լավ թարգմանչի կողմից»։ «Անշնորհք պոետները շահում են, սակայն»,- սրամտեց հանդիպմանը ներկա անվանի և սիրված դերասանուհի, արձակագիր, նաև թարգմանչուհի Անահիտ Թոփչյանը։ Իսկ «Ի՞նչ խորհուրդ կտաք դահլիճում ներկա ուսանողներին» հարցը ստացավ հետևյալ պատասխանը. «Ոչ միայն լեզուն հիմնավոր իմանան, թարգմանվող լեզվի մշակույթն էլ յուրացնեն, նաև հարևա՛ն երկրի մշակույթը։ Սա է ճիշտ և արժեքավոր թարգմանություն կատարելու գրավականը։ Լեզուներ սովորեն։ Մարիետա Շահինյանը, ով 6-7 լեզու գիտեր, 80-ն անց տարիքում սանսկրիտ էր սովորում։ Երբ հարցրի` ինչի՞ համար, պատասխանեց, թե ուզում է «Մահաբհարատան»` հին հնդկական էպոսը, բնագրով կարդալ, քանի որ ռուսերեն թարգմանությունը չէր հավանել։ Իսկ ընդհանրապես` ես լավատես եմ, թեպետ մեր գրականությունը գավառականության մեջ է խրվել և այնտեղ, ուր ինտելեկտուալ լարում է պահանջվում, ընդհանուր ավերածություն է, իսկ մյուսը` չարազի նման եղածը, բուռն ծաղկում է ապրում»։
Բազմավաստակ գրաքննադատը, արձակագիրը, դրամատուրգն ու թարգմանիչը թեպետ համեստորեն լռեց, բայց մենք լրացնենք ուսանողներին տված նրա խորհուրդը. աշխատեք լինել այնքա՛ն խորագիտակ, այնքա՛ն պատվախնդիր և պատասխանատու, այնքա՛ն սրտացավ և նվիրված ձեր գործին, հայ մշակույթին և գրականությանը, և, ամենակարևորը` ձեր անուն-ազգանվան հեղինակությանը, ինչպիսին Ալեքսանդր Թոփչյանն է, մեր ժամանակների գրականության համար բացառիկ ներկայություն, ով իրավամբ իր ստեղծածի, հայ մշակույթում իր բեղուն վաստակի տերն է, բարեկիրթ և օրինակելի ասպետը։ Ասածս հաստատող մի փաստ. մեր այն հարցին, թե ֆրանսալեզու գրականության ընտրանին տարիներ ի վեր ներկայացրել եք հայերեն, ինչո՞ւ չեք փորձում հայ գրականության ընտրանին մատուցել ֆրանսախոս ընթերցողին, պարոն Թոփչյանը պատասխանեց. «Այն մակարդակով և խորությամբ, ինչպես գիտեմ հայերեն և ռուսերենը, չգիտեմ ֆրանսերենը, իսկ թարգմանության հանդեպ ես այնքան լուրջ մոտեցում ունեմ, որ իմ ֆրանսերենով հայ գրականություն չեմ մատուցի ֆրանսախոս ընթերցողին»։
Իսկ ես ականատեսն եմ եղել, ինչպես է Ալեքսանդր Թոփչյանը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի համար թարգմանչի դեր ստանձնել ՀԳՄ-ում` իր թարգմանած գրքի շնորհանդեսին, և գիտեմ, որ Ֆրանսիայում ֆրանսերենով շուրջ երկու ժամ բանավոր դասախոսություն է կարդացել` հիացնելով ֆրանսիացի լսարանին։
Այսպես են ազգ ներկայացնում և մնայուն արժեք ստեղծում։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ